4 янв. 2012 г.

Թողնել ծխելը. հե՞շտ է դա

Կան ծխողներ, որոնց մոտ առաջանում է հետևյալ առողջ միտքը. «Վերջ: Ես այլևս չեմ ծխում»: Եվ նրանք դադարեցնում են առանց որևէ խորհրդածության և առանց պատրաստվելու, թողնում են ծխելը միանգամից և ընդմիշտ: Ցավոք սրտի նման մարդիկ քիչ են: Ըստ հետազոտությունների տվյալների` ծխողներին միջին հաշվով պահանջվում է 3-4 փորձ, որպեսզի վերջնականապես հրաժարվեն ծխելուց: Նրանք սովորում են ցանկացած անհաջող փորձի վրա և վերջիվերջո հասնում են հաջողության: Այլ կերպ ասած` նրանք սկսում են ծխելու դադարեցման գործընթացը, և այդ գործընթացը ժամանակ է պահանջում: Անշուշտ բոլոր մարդիկ տարբեր են, և յուրաքանչյուրը թողնում է ծխելը յուրովի: Միաժամանակ գոյություն ունի ծխելու դադարեցման երկու կարևոր սկզբունք, որոնք կիրառելի են բոլոր ծխողների համար:Առաջին սկզբունքը կայանում է նրանում, որ ծխելը թողնելը գործընթաց է: Եթե Ձեզ չի հաջողվել թողնել ծխելը առաջին անգամ, մի հուսահատվեք: Սա ուսուցման գործընթաց է, որը կարող է անմիջապես ավարտվել կամ կարող է պահանջել մի քանի փորձ, բայց եթե Դուք լինեք համառ, ապա կհասնեք հաջողության: Բոլոր հեծանիվ վարող մարդկանց առաջին փորձն անհաջող է եղել, սակայն նրանք նորից ու նորից են փորձել, և դա նրանց հաջողվել է, եթե նրանք որոշել են, որ ցանկանում են վարել հեծանիվ: Նրանց կարելի է օգնել, բայց չի կարելի ո՛չ նրանց փոխարեն հեծանիվ վարել սովորել, ո՛չ էլ սլանալ նրանց փոխարեն: Նմանապես, ծխելու դադարեցման գործընթացը Ձեր սեփական գործընթացն է, Դուք եք այն ղեկավարում, Դուք եք որոշում` ինչ պետք անեք, որպեսզի թողնեք ծխելը, անշուշտ, եթե իրապես ցանկանում եք այդ: Եվ սա հանգեցնում է 2-րդ սկզբունքին:
Ծխախոտը վնասակար և կործանարար ազդեցություն է ունենում մարդու բոլոր օրգանների և դրանց բնականոն աշխատանքի վրա: Տարեցտարի ավելանում են հետազոտական նոր տվյալները ծխելու վնասակարության մասին:Շարունակական ուսումնասիրությունները նոր տվյալներ են ի հայտ բերում մարդու հոգեկանի վրա ծխելու ազդեցության մասին: Գերմանացի բժիշկների հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ նիկոտինային կախվածություն ունեցող ծխողների մոտ առկա է հոգեկան խանգարումների գոնե մեկ ախտանիշ: Հետազոտություններն իրականացվել են 1997-1999 թվականներին և ընդգրկել են 18-65 տարեկան 3293 մարդ:Հոգեկան հիվանդություններով տառապողների 50-80% ծխողներ են, այն դեպքում, երբ հոգեկան խանգարումներ չունեցողների շրջանում ծխողները կազմում են 40%-ից պակաս: ԱՄՆ-ում ամբողջ արտադրված ծխախոտի 44%-ն օգտագործում են հոգեկան հիվանդները: Ծխախոտի օգտագործումը խորացնում է հոգեկան հիվանդությունները:
Ծխելը թողնելը հեշտ չէ: Եթե Դուք նպատակ դնեք թողնել ծխելը և հասնեք հաջողության, ապա հպարտություն կզգաք: Ծխելը դադարեցնելը վստահություն կտա Ձեզ, որ Դուք ի վիճակի եք հաղթահարել Ձեր կյանքում ծագող այլ խնդիրներ: Բացի այդ, չծխող անձը շրջապատող մարդկանց կողմից ավելի մեծ հարգանք է վայելում:

Ծխելն աղտոտում է Ձեր օրգանիզմը: Եթե Դուք թողնեք ծխելը, Ձեզ համար ավելի հեշտ կլինի շնչել, հաղթահարել ցանկացած ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածություն, և Դուք կարող եք մեծ հաջողությունների հասնել սպորտում:Թողնել ծխելը հավասար է հավելյալ վաստակի: Ենթադրենք Դուք օրական ծխում եք մեկ տուփ սիգարետ 300 դրամ արժողությամբ: Տարեկան Ձեր ծախսը կկազմի 109.5 հազար դրամ կամ 200 դոլար: Մտածեք` ի՞նչ է կարելի գնել ընդամենը մեկ տարում խնայված գումարով: Մենք խորհուրդ ենք տալիս բոլոր ծխողներին կատարել այս հաշվարկը` որպես հիմք ընդունելով իրական թվերն ու քանակները: Հաշվարկներ կատարող մարդկանց մեծամասնությունը զարմանում է, թե որքան շատ փող է քամուն տալիս:

  • Ամփոփելով նյութը` կցանկանայի մեկ անգամ ևս ձեր ուշադրությունը սևեռել ծխելու վտանգավոր ազդեցության և նրա հետևանքների վրա: Հիշեք, որ.


  • ծխելու հետևանքով առաջին հերթին ախտահարվում են շնչառական օրգանները,


  • կոկորդի քաղցկեղ ախտորոշմամբ մահերի 98%-ը, թոքերի քաղցկեղ ախտորոշմամբ մահերի 96%-ը, քրոնիկ բրոնխիտի և էմֆիզեմայի հետևանքով մահերի 75%-ն ուղղակիորեն պայմանավորված են ծխելու գործոնով,


  • ծխախոտային ծուխը պարունակում է.
    — 4000 և ավելի քիմիական նյութեր, որոնցից 40-ից ավելին քաղցկեղածին են,
    — մի քանի հարյուր տեսակի թույներ, որոնցից են՝ նիկոտինը, ցիանիդը, ֆորմալդեգիդը, մկնդեղը (արսեն), շմոլ գազը, ածխածնի օքսիդը և այլն,
    — ռադիոակտիվ նյութեր՝ պոլոնիում, կապար, բիսմութ,


  • տարվա ընթացքում օրական մեկ տուփ սիգարետ ծխողը ստանում է 500 ռենտգեն ճառագայթում,


  • երկարատև ծխողի թոքերը սև, փտած զանգված են:

  • 0 коммент.:

    Отправить комментарий