30 мая 2014 г.

Կույր երաժիշտը/ մաս 1

...Ստեֆանիոն վերջապես վերադարձավ Փարիզ: Ինչպես ասում էին այդ օրերին«ըստ  ծագման»: Ռիվոլիի փողոցի վրա մի շենք կա, բավականին հին շենք, որը հետևից նայելիս հիշեցնում է  չգիտեմ թե ինչ, որովհետև հետևում գնալով մխրճվում էր թզուկաշեն տները, դեմ  առնելով աշտարակի  կավե պատերին :
Նորաբաց օպերայում նա երաժիշտ դարձավ: Եթե մարդ կույր է ծնվել, ուզում է ամբողջ աշխարհը փուլ գա, նա կույր էլ կմնա, քանի որ հոգում անբուժելի արձագանքով լույսի և խավարի կռիվն է:
Ի՞նչ կարող ես երգել: Ոչի՛նչ: Ավելի շուտ ինչ կարող ես, դա էլ երգիր:Դժվարություններից  ու հոգսերից քամված մարդկանց ուրախ ինչ-որ բան էր հարկավոր, ծիծաղ:Եվ այդ ընկած, ընկճված մարդիկ ծիծաղում էին բեմահարթակում հազիվհազ երգող ընկճված մարդու վրա:
Նրան ծաղրում էին: Բայց ինքը չէր ծաղրվում: Եվ չէր էլ կարող ծաղրվել:
Երաժշտությունը, հնչյունները, ձայնը, որ ծիծաղ էին առաջացնում սրահում, չէին կարող սքողել, մոռացնել տալ վիշտը, անցյալը:
Երբ  հոգին է սոված, մարմինն ասես ծարավ, լռում է, սպասում: Երբ մարմինը կուշտ է, տառապանք ու ցավ տեսած հոգին է այս անգամ ծարավում:Նա է ջանում այս անգամ և պահանջում: Իսկ հոգու և սրտի պահանջը այլ է. Կամ ետ տուր անդառնալի կորուստը կամ մոռացնել տուր ամենը:Այլ ճանապարհ չկա:Բայց ոչ ոք չի կարող կորուստը ետ բերել:
Բայց կա միայն մեկ փրկություն:Մոռանալ ամեն ինչ: Մոռանալ ժամ ու ժամանակ, մոռանալ դեպքեր, դեմքեր: Սակայն ո՞վ, ո՞վ կարող է նոր ճանապարհ բացել ամենի համար. Ժամանա՞կը, բարի խո՞սքը,մտերիմ ընկե՞րը,ո՞վ... Ո՜չ ոք: Պարզ է, ո՜չ ոք:
Մոռացում կարող է տալ միայն գինին: Գինին է միակ դեղը:
Ստեֆանիոն խմում էր, խմում էր ինչքան կարող է, խմում էր, որ մոռանա, ներկան,շրջապատը, բարի խոսքերը, բարի ընկերներին, բարեկամներին, իրեն, անգամ անցյալը և անցյալում թաղված վիշտը: Խմում էր, հոգին թեթևացնում, և հոգու հետ էլ մարմինն ու սիրտը: Ամեն կորած բան ասես վերադառնում էր իր տեղը: Ամեն կումը խմելով, պարզվում էր ինքն իր դեմ:
Հաճախ էր նա հարբած վերադառնում կացարան, որտեղ բնակվում էր:Իսկ երբեմն էլ տեղ չէր հասնում, ընկնում էր փողոցում: Փողոցի մյուս բնակիչները հաճախ նրան թողնում էին միայն ներքնաշորերով:Սակայն նա չէր զգում , թե ինչպես են հանում շորերը: Ցուրտ ու ցավ էլ չէր զգում: Երբ մարդ ավելի մեծ ցավ է տեսել, այդպիսի փոքր ցավը ի՞նչ էր դրա դեմ: Կույրին էլ ինչպես կուրացնել, ընկածին էլ ինչպես գցել, սպանվածին էլ ինչպես սպանել:
Նա կորուստներ էր տեսել, կործանված երազներ էր տեսել, սպանված մարդիկ էր տեսել և սպանված, կտոր-կտոր արված սիրտ: Նա ավերակներ էր տեսել:Նա քարերի մեջ ջախջախված գլխով որդուն ու կնոջն էր տեսել, քարերի մեջ նա քար էր կտրել, և միայն սոված հոգին էր ոռնացել ու ոռնացել՝ ծերացած մի գայլ, որ հոշոտել գիտեր, գիտեր վրեժ լուծել, ա՜խ, հոգու աչքերով ի՞նչ վրեժ լուծել:
Երբ հարբած գալիս էր կացարան , հիշում էր այդ բոլորը: Հիշում էր, հի՜շում...Խմում էր,խմու՜մ... ու խմելուց ավելի էր հիշում:
Աշխարհը պտտվում էր: Գուցե նա էլ էր պտտվում աշխարհի շուրջը:Ընկնում էր փողոցում, շինաղբի մեջ: Փողոցը, շինաղբը, նրան փլատակներ ու ավերակներ էին հիշեցնում:Մարդիկ նրան դիակներ էին թվում, տեսիլքներ, որոնք չգիտես որտեղի՞ց էին գալիս ու դեպի ու՞ր էին գնում:
Նա գալարվում էր շինաղբի ու փոշիների մեջ և ոռնում հոգու ցավից:
Մարդիկ էլ հեռու էին փախչում նրանից, կարծելով, թե խելագար է:
Երբեմն պատահում էր, որ մի ծանոթ էր անցնում այդ փողոցով: Ծանոթ, ով գիտեր նրա պատմությունը, մոտենում էր , օգնում և կարծես իր խղճի առաջ մի մեծ պարտք էր կատարում:
Բռնում էր Ստեֆանիոյի թևատակերից և, լարելով ուժերը, նրան վեր էր բարձրացնում:Նա , երբ ոտքի էր կանգնում, կարծես թե ուրիշ մարդ էր դառնում:Լռում էր...Չէ՛, նա ոչ մոռանում էր, ոչ էլ փոխվում :Պարզապես ամաչում էր ինքն իրենից, փակվում էր ինքն իր մեջ, կորչում էր սեփական արարքների մեջ սեփական ափում...



0 коммент.:

Отправить комментарий