Չարաճճի փոքրիկի պես վեր էր կենում,թափ տալիս բացակայող տաբատը, չեղած պիջակը, փորձում էր ուղղել երևակայական փողկապը ու զայրացած ինքն իր վրա, ծանոթի օգնությամբ հասնում էր կացարան:Ծանոթը ամաչում էր մարդկանց հիանալի ուշադրությունից, բայց միևնույն է քայլում էր Ստեֆանիոյին թևանցուկ:
Երբ հասնում էին կացարանի դռներին, նա թևը ազատում էր ու թակում դուռը.
- Մարիա՜....Մարիա՜..Աուուոո՜ւ...
Մայրը անմիջապես զգում էր, որ հարբած է: Դուռը արագ բացվում էր:Նա բռնում էր որդու թևերից, արագ ներս էր քաշում առանց շուրջը նայելու և դուռը անմիջապես ծածկում որդու հետ ներս մտնել ցանկացող ծանոթի ուղիղ քթի տակ: Ամաչում էր: Փակում էր, որ հարևանները չտեսնեն: Ամաչում էր:
Ահա և բարձրանում էր Մարիայի ահարկու ձեռքը:Այն ձեռքը, որի հարվածին քաջ ծանոթ էր Ստեֆանիոն : Թեև կույր աչքերով, սակայն բնազդով զգում էր այդ: Նա կծկվում էր, քաշվում, սպասում էր հարվածին: Բայց միշտ այդ պահերին հարվածը բացակայում էր: Մայրը հանկարծ կանգ էր առնում: Նա էլ էր հիշում: Չնայած խմած չէր, բայց հիշում էր անցյալը: Նրա ցավը իր ցավն էր:
-Էլի շորերդ չկան: Էլի՜ հանել են,-հանդիմանում էր Մարիան:
Դու ի՛նչ ես, ի՛նչ:
-Մա՜րդ:
-Մա՜րդ: Մարդիս նայեք:Մերկ մարդ:
-Է՜հ Մարուշկա,-տնքում էր Ստեֆանիոն,-դու ի՜նչ ես հասկանում:Մարդը հագուստով չի մարդ:Մարդը մարդկությամբ է մարդ:
-Հիմա դու էլ կասես, թե մա՜րդ ես, մա՜յր ես:
-Կասե՛մ:
-Դե՜,դե՜ վերջացրա:
-Հագուստը ի՞նչ է: Զուտ ֆիզիկական մերկությունն է ծածկում: Բա հոգու մերկությու՞նը: Եթե մարդու հոգին մերկ է, հազար շոր, քռչ ու փալաս էլ հագնի, միևնույն է մերկ կմնա:
-Լռի՛ր, բավական է,-սաստում էր մայրը:-Ավելի լավ է ոտքերիդ և ձեռքերիդ ազատություն տաս, երբ վրայիցդ շորերդ են հանում:
-Ա՛յ, մարդու մարմինն է ծածկում հոգու մերկությունը, ոչ թե՝ հագուստը, զարդերը, զանազան այլ միջոցները: Մարդու մարմի՞նն է կարևորը, թե՞ հոգին: Իհարկե, հոգին: Հոգին է, որ չպետք է մերկ լինի: Թող իմ հագուստները տանեն, ես նույնիսկ դրանք կնվիրեմ, իսկ հոգիս դարձյալ, կունենա իր հագուստը, որը ո՜չ ոք, ո՜չ ոք չի կարող գողանալ:
-Հետո՞...-հեգնանքով ժպտում էր,-հետո՞...
_Հետո...Էլ ինչ հետո... Եթե հոգիս տանջվում է, թող մարմինս էլ տանջվի: Հա՛, թող տանջվի:
-Հետո՞...
-Հետո՜... Հետո այն, որ ես ինքս ինձ եմ տանջում...
-Նորից... բավական է... նորից հին երգդ սկսեցիր:
-Ստեֆանիո՜...զավակս, հիշու՞մ ես, ինչպես թաղեցինք այդ փլատակներում:Հիշում եմ, ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան: Ա՜խր, ինչու՞ ես կարծում, թե միայն դու ես հիշում: Ինչու՞ ես կարծում, թե չեմ հասկանում քեզ:
-Հա՜...
-Ստեֆանիո՜... ես էլ հոգի ունեմ քեզ պես: Բայց ես սիրտ էլ ունեմ: Աղջիկդ, ափսոս չես կարող տեսնել նրան: Միայն տեսնես է՜:Կծկվել է անկյունում որբի նման: Իսկ դու՛, դու՛ ասում ես...
Ստեֆանիոյի գինովցած վիճակը հետզհետե անցնում էր: Նա, որ հեռացել էր վարդագույն աշխարհից, ետ էր վերադառնում: Իսկ այդ աշխարհում մնացած միակ հարազատները մայրն ու աղջիկն էին:
-Ես վատ մարդ եմ, Մարիա՜,շա՜տ վատ: Չէ չասես: Ես վատ հայր եմ, փոքրիկս:Ես Ձեզ հասկանում եմ: Դուք էլ ինձ հասկացեք: Մարդը մարդուն պետք է հասկանա, մարդը մարդուն պիտի հասնի, հարազատ լինի, թե օտար...Ձեր աչքին ես մենակ հարբեցող եմ, կորա՜ծ մարդ... այն փլատակների պես: Մի դրամ է, գետնին ընկած մեկ դրամը, նրանք վերցնում են, բարձրացնում: Ի՞նչ է, մի դրամ էլ չարժեմ, մի՜ դրամ...
-Ստեֆանիո, հանգստացիր, բավական է:
-Ծերուկս,- ասաց աղջիկն ու գրկեց հորը: -Լաց մի՛ եղիր:
-Հա՛,հա՛,հա՛,- հանկարծ ծիծաղեց Ստեֆանիոն,- կարծում ես սրանք արցունքնե՞ր են: Կցանկանա՞ք ուրախ բան պատմեմ: Այսօր օպերայում մարդկանց շատ եմ ծիծաղեցրել: Ձե՛զ էլ կծիծաղեցնեմ: << Կույր երաժիշտն>> էր: Ամբողջ դահլիճը հռհռում էր, ո՜նց էր հռհռում: Եվ ո՞վ էր ծիծաղեցնում: Ե՛ս.. այո, ե՛ս: Նրա՛նք էլ չհասկացան: Ու ես գնացի գինարբուքի: Գնացի հարբելու , որ ես էլ ծիծաղեմ, ծիծաղեմ նրանց նման ուրախ: Բայց չստացվեց: Հասկանու՞մ եք, չստացվեց, ես լաց եղա միայն...
...Կույր երաժիշտ կորցրել էր վիշտը:
0 коммент.:
Отправить комментарий