4 янв. 2012 г.

Հետաքրքիր պատմություն անբավ սիրո մասին / մաս 1

Ասում են, եղել է մի ժամանակ, երբ բոլոր մարդիկ խոսել են նույն լեզվով, հասկացել են միմյանց: Երբ չեն եղել պատերազմներ, արհավիրքներ, և երբ դեռ չարը չէր տիրել աշխարհին: Այդ ժամանակ մի փոքրիկ գյուղ կար: Ապրում էին այնտեղ մարդիկ, իրենց օրերն անցկացնելով միապաղաղ: Հենց այդ ժամանակ էր, երբ գոյություն ունեին դեռ արքայազներ: Մարդիկ, որոնց համար պատիվ ու արժանապատվություն հասկացողությունները միայն խոսքեր չէին: Այդ ժամանակներում, ընդհանրապես, միայն բարին էր տիրում աշխարհում: Օրերից մի օր ինչ-որ կախարդ որոշեց ենթարկել ողջ աշխարհն իրեն: Դրա համար նրան ինչ-որ միջոց էր պետք մարդկանց մեջ գժտություն  մտցնելու համար: Կանչեց իր լավագույն խորհրդականներին և սկսեցին մտածել, թե ինչ ձևով կարող են դա իրակացնել: Մտածեցին, երկար, շատ երկար: Ոչ մի արդյունք: Մարդիկ չէին խոնարհվում կախարդի առջև:
Մի օր այն փոքրիկ գյուղակում ապրող արքայազներից  մեկը` Լեոն  սիրահարվեց: Նա սիրահարվեց ինչ-որ աղջկա, որի անունը Վիոլա էր: Շատ գեղեցիկ էր, անթերի: Որոշեց խոստովանել նրան: Վիոլան, իհարկե , միանգամից չպատասխանեց, ասեց, որ կմտածի: Բայց ամեն ինչից երևում էր, որ շուտով հարսանիք է լինելու: Արքայազնի  ուրախությանը չափ ու սահման չկար: Նա առաջին անգամ էր սիրահարվում իր կյանքում:
Կախարդը` Մոդեսթին,  որոշեց մի օր շրջել իր երկրով և տեսնել մարդկանց: Մի գիշերով նա հասավ նաև այդ գյուղին: Այստեղ մարդիկ ինչ-որ բան էին տոնում: Մոդեսթին  մոտեցավ նրանցից մեկին և հարցրեց.
-Սա ի՞նչ տոնակատարություն է Ի՞նչ եք նշում:
-Մեր ասպետներից մեկը` Լեոն,  որոշել է ամուսնանալ, նրա հարսանիքն ենք նշում:Յոթ օր և յոթ   գիշեր  խնջույք է  լինելու:
-Ամուսնանա՞լ, իսկ ի՞նչ է դա,- զարմացած հարցրեց Մոդեսթին , նա իրոք չգիտեր:
-Հա-հա-հա Դուք չգիտե՞ք:
-Ոչ:
-Երևի դուք այս կողմերից չեք: Կարող է ձեզ մոտ դա ուրիշ ձև է կոչվում: Ով գիտի: Դե մարդիկ հանդիպում են, սիրահարվում, հետո ամուսնանում:
-Սիրահարվե՞լ: Ամուսնանա՞լ: Դուք ինչ-որ տարօրինակ բառեր եք օգտագործում,- զարմացած պատասխանեց  Մոդեսթին:
-Դուք չգիտեք ինչ է նշանակում սիրահարվե՞լ: Դե ինչպես ձեզ ասեմ, դա պետք է զգաս, չես կարող բառերով բացատրել:
-Հըմ:
-Լավ, տենում եմ, չեք հասկանում: Պատկերացրեք քամին: Մի՞թե հնարավոր է իսկապես նկարագրել քամին, ինչպիսին է այն, որքան հիասքանչ է  և  միևնույն ժամանակ  կարող է  այնպիսի ավերածություններ գործել, որ կզարմանաս: Նայում ես և  չես հասկանում, թե ինչի համար է այն ստեղծված, բայց միևնույն ժամանակ կարողանում է շարժել, փոթորկել այն ամենը ինչ նրա ներսում է: Դա ինչ-որ մի աներևակայելի, հետաքրքիր երևույթ  է: Նույնն էլ սերն է: Մի  անիմաստ երևույթ , որ կարողանում է հսկայական մարդկանց փոթորկել:
-Քամի՞ն: Հա-հա քամին, հասկացա,- իրականում ոչինչ չհասկանալով, ասեց Մոդեսթին:
*Բոլոր իրավունքները պահպանված են, սեփական ստեղծագործությունս է: Մնացած 2 մասին կծանոթանաք հաջորդ փոստերի ընթացքում:


0 коммент.:

Отправить комментарий